Արծկե | town (en), district center (en)

Turkey / Bitlis / Adilcevaz /
 town (en), district center (en)

Արծկեն գտնվում է Վանա լճի հյուսիսային ափին, մի փոքրիկ կղզու դիմաց գտնվող Արծկե հրվանդանի վրա, որը լճի ջրերը բարձրանալիս նույնպես վերածվում էր կղզու: Նավահանգիստ էր և գտնվում էր լճափերով դեպի Խլաթ ու Բաղեշ (Բիթլիս) տանող ճանապարհի վրա:Արծկեն հիշատակվում է դեռևս ուրարտական արձանագրություններում` Զիուկանի անունով: Այստեղ պահպանվել է ուրարտական Ռուսա II թագավորի սեպագիր արձանագրություններից մեկը: Հնագույն ժամանակներում հավանաբար այն եղել է ամրացված կետ` բերդաքաղաք: Հայ մատենագրության մեջ հիշատակվում է V դարից: Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին և Ստեփանոս Ասողիկը այն հիշատակում են որպես գյուղ, ոմանք կոչում են ավան, իսկ մնացած մատենագիրները, որոնց թվում և արաբական աղբյուրները համարում են քաղաք:Արծկեի քաղաքական պատմության ընթացքը նման է Արճեշի պատմությանը: Այստեղ տեղի են ունեցել մի շարք քաղաքական իրադարձություններ, որոնք հետևանք էին երկրում տեղի ունեցող դեպքերի: Մինչև օտար տիրապետության տակ անցնելը, ավելի ճիշտ՝ մինչև արաբական նվաճումները, Արծկեն պատկանում էր մերթ Գնունիներին, մերթ էլ՝ Բզնունիներին և վարչականորեն մտնում էր Տուրուբերանի Բզնունիք գավառի մեջ: Արաբներն իրենց առաջին արշավանքների ժամանակ, VII դարի կեսերին, գրավում են Արծկեն և այն կոչում Դար ալ Ջավազ, որից էլ ծագել է նրա այժմյան՝ Ալջավազ կամ Ադել-ջևազ (Ադիլջևազ) անունը: XI դարի սկզբներին քաղաքն անցնում է Բյուզանդիայի տիրապետության տակ, 1054 թվականին գրավում են սելջուկ թուրքերը, 1100 թվականին տիրում են Շահարմենները, 1207 թ.՝ Էյուբյանները, իսկ 1244-ին՝ մոնղոլները: Արծկեն մեծ հարված է ստացել Շահ-Աբաս 1–ին շահի 1603— 1604թթ, արշավանքի ժամանակ: Աղբյուրների վկայությամբ, պարսկական բանակը, գրավելով Արծկեն, այն մատնում է հրի ու սրի, ավերում տներն ու մյուս շենքերը:
Հին Արծկեն Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկ է եղել X—XII դարերից: Այն ամուր բերդաքաղաք էր, կրկնակի պարիսպներով պատած, և երկար ժամանակ իր գոյությունը պահպանում էր կղզու վերածված մի փոքրիկ ցամաքամասի վրա: Ունեցել է երկու ամրոց՝ մեկը լեռան ստորոտում, որ ամբողջապես ծածկված է ջրով, իսկ մյուսը լեռան գագաթին, որ կանգուն է, բայց ամայի: Նույնիսկ XX դարի սկզբներին դեռևս նշմարվում էին ջրի մեջ անցած աշտարակների և եկեղեցիների գմբեթների ծայրերը: Այն լիովին ամայացել է XVII—XIX դարերում:Հին Արծկեի փոխարեն, լճափի ավելի բարձրադիր մասում ժամանակի ընթացքում կառուցում են նոր Արծկեն, որը XVII—XVIII դարերում Վանի նահանգի (վիլայեթ) Ալջավազ գավառի (սանջակ) կենտրոնն էր: Ալջավազը բավական ընդարձակ տարածություն գրավող, արգավանդ հողերով հայտնի գավառներից էր, որ XIX դարի երկրորդ կեսում ուներ 140 գյուղ 30000 բնակիչներով, որից 25000-ը հայեր, 30 եկեղեցի, 10–ից ավելի տարրական կրթարաններ: Նոր Արծկեն շրջապատված է ծառաստաններով ու այգիներով:Արծկեում XIV—XV դարերում բնակություն էին հաստատել նաև որոշ թվով քրդեր: Սակայն մինչև առաջին համաշխարհային պատերազմը նրա բնակչության մեծ մասը կազմում էին հայերը: XX դարի սկզբներին Արծկեի բնակչության թիվը հասնում էր 2460 մարդու, որից 1340-ը հայեր էին, իսկ մնացածը քրդեր, թուրքեր և հրեաներ: Նրա հայ բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով, առևտրով և մասամբ երկանաքարի հանույթով ու ձկնորսությամբ: 1915 թվականին նրա հայ բնակչության մի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին, իսկ մյուս մասը տեղահանվեց ու տարագրվեց զանազան տեղեր: Արծկեն ուներ երկու եկեղեցի՝ ս. Աստվածածին և ս. Սարգիս: Նրա հյուսիսային կողմում, Սիփան լեռան լանջին էր գտնվում Երաշխավոր կամ Սքանչելագործ վանքը, որի ավերակները պահպանվել են մինչև մեր օրերը: Ինչպես Մասիսի, Առնոսի, Արտոսի, Բյուրակնի, այնպես էլ Սիփանի հետ մեր ժողովուրդը կապել է զանազան ավանդություններ ու առասպելներ: Արծկեն փաստորեն տեղադրված է Սիփանի հարավային փեշերին և, իզուր չէ, որ արծկեցիներն այն համարել են իրենց «սեփական» լեռը և մի շարք ավանդություններ հյուսել դրա շուրջը: Դրանցից մեկի համաձայն, երբ Նոյի տապանը ջրի երեսին խաղալիք դարձած մոտենում է Սիփանի կատարին՝ վերջինս իբր բացականչում է, «Գնա ի Մասիս, որ բարձր է քան զիս»:Արծկեն նշանակալի հետք է թողել հայ մշակույթի պատմության մեջ: XV դարում այն գրչության կենտրոն էր, որտեղ ընդօրինակվել են տարբեր բովանդակությամբ մի շարք ձեռագրեր` հիմնականում ավետարաններ: Արծկեում են ծնվել XV դարի հայտնի պատմագիր և եկեղեցական գործիչ Թովմա Մեծոբեցին՝ «Պատմութիւն Լանկ Թամուրայ և յաջորդաց իւրոց» աշխատության հեղինակը և ամենայն հայոց կաթողիկոսի աթոռը Էջմիածնում հաստատելու անցքերին եռանդուն մասնակիցը, գրիչ, երգիչ և բանաստեղծ Նետրարենցը` Արծկեի եպիսկոպոսը: XV դարում Արծկեում է ապրել ու ստեղծագործել ժամանակագիր
Մովսես Արծկեցին, որի գրչին պատկանող չափածո տարեգրության հեղինակային ձեռագիր–բնագիրը ժամանակին գտնվել է Բաղեշի (Բիթլիս) Ամրդոլու վանքի մի ձեռագիր գանձարանում:
Nearby cities:
Դիրքացույցները․   38°48'24"N   42°44'42"E
This article was last modified 10 years ago