Մուշ

Turkey / Mus /
 քաղաք, capital city of state/province/region (en), district center (en)

Մուշ (Mush) - քաղաք Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի նահանգի Մուշի գավառում: Մուշը կարևոր դեր է խաղացել հատկապես Արևմտյան Հայաստանի տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքում: Այն գտնվում է համանուն արգավանդ Մշո դաշտի հարավային մասում, Հայկական Տավրոս լեռնաշղթայի հյուսիսային ստորոտին, Կորդուք և Ծիրանակատար ոչ բարձր լեռների փեշերին, թեք սարալանջի վրա: Նրա հեռավորությունը Արածանիից (Արևելյան Եփրատ) մոտ 20 — 25 կմ է: Քաղաքի հարավային կողմում ձգվող լեռնապարը և հեռու արևելքում բարձրացող նեմրութ լեռնագագաթը մի առանձին գեղեցկություն են տալիս նրա համայնապատկերին: Մուշից առանձնապես հմայիչ է երևում Մշո դաշտի «փարոսը»՝ Նեմրութը, Հայկական լեռնաշխարհի գեղեցկագույն լեռնագագաթներից մեկը: Մուշի միջով հոսում է Արածանիի ձախակողմյան վտակ Մեղրագետի օժանդակներից մեկը՝ քաղաքը բաժանելով երկու մասի: Այդ գետակը աշխատեցնում էր 10 —12 ջրաղաց և ոռոգում շրջակայքի ցանքատարածությունները: Ընդհանուր առմամբ քաղաքը ջրառատ է: Եվ մասամբ այդ է պատճառը, որ նրա շրջակայքի լեռնալանջերն ու քաղաքին հարող դաշտերը ամբողջապես թաղված են եղել ծառաստանների, մրգատու և խաղողի այգիների մեջ, որոնցից այն կողմ բերրի դաշտերի ցանքատարածություններն էին ու ծխախոտի պլանտացիաները, որոնցով այնքան հայտնի էր Մշո դաշտը: Գրեթե առանց բացառության բոլոր այգիներում տեղադրված էին մեղվափեթակներ և ունեին իրենց հնձանները: Ամռանը Մշո դաշտում գազպե է ցողում, որ անհիշելի ժամանակներից ի վեր տեղացիները հավաքել ու պահել են իբրև ձմռան «մեղրի» պաշար: Մշո դաշտում ամռանը, առավոտյան վաղ սառը օդի շերտերը հեռվից կապույտ երկնքի նման են` թողնելով պարզկա ջրերով լճի տպավորություն: Մուշ անունը մենք ժառանգություն ենք ստացել հնագույն ժամանակներից ի վեր, և հազիվ թե հնարավոր է հայտնի լեզուներով դրա ծագումն ու իմաստը վերջնականապես ստուգաբանել: Սակայն ժողովուրդը, առանձին պատմագիրներ ու ուսումնասիրողներ յուրաքանչյուրն իր ձևով փորձել է իմաստավորել, բացատրել Մուշ անվան առաջացումը, այն կապելով բնական որոշ երևույթների, քաղաքական դեպքերի, կամ հնագույն արձանագրություններում հիշատակվող ցեղերի ու աշխարհագրական անունների հետ: Ժողովրդական ամենահին ավանդություններից մեկի համաձայն Մուշ անունը համարվում է «մշոիշ»-ից առաջացած` նկատի ունենալով այն, որ տարին բոլոր առավոտները Մշո դաշտը սովորաբար մշուշապատ է լինում: Ժողովուրդը նույնիսկ փորձել է բացատրել նաև այդ մշուշի առաջացումը: Ըստ ավանդության, իբր մշուշը արարում էր սիրո աստվածուհին՝ Աստղիկը, Արածանիում լողանալու ժամանակ՝ երկրի տարբեր մասերից նրա մոտ սեր հայցելու եկած երիտասարդներից իր մերկությունը շղարշապատելու համար: Հեթանոսական ժամանակներից մեզ հասած այդ (կարելի է ասել բանաստեղծական) ավանդությունը տարբեր ժամանակներում և տարբեր ձևով մտել է ժողովրդական այլևայլ զրույցների ու նոր ավանդությունների մեջ՝ հիմք դառնալով մի շարք տարբերակների: Թվում է, թե հենց այդ ավանդության ճնշման տակ է, որ թուրք հեղինակ Քյաթիբ Չելեբին Մուշը թարգմանել է «բուք» իմաստով, իսկ ոմանք էլ «մուշը» հայերեն համարել են «խոնավ թաց գետին, մամուռ»: Այդ նույն ավանդության արձագանքը կարելի է տեսնել նաև՝

«Մշո դաշտ մշուշ է,
Իր հողն ու ջուրն անուշ է»

հայրենասիրական երգի մեջ: Ոմանք, նկատի ունենալով, որ Մուշում քաղաքական շատ դեպքեր են տեղի ունեցել, որոնց ընթացքում բնակիչները տվել են մեծ թվով զոհեր, հակված են կարծելու, թե այդ անունը կապված է «մաշվել» (սակավամարդ դառնալ) բայի հետ: Իսկ թուրքերը Մուշը հաճախ համարում են «մեշե»-անտառ բառից ծագած, մատնացույց անելով այն հանգամանքը, որ քաղաքի շուրջը կաղնիների ծառերը անտառ-պուրակ են կազմում: Դրանք, անշուշտ, անտրամաբանական են և իրենց հիմքում չունեն արժանահավատ որևէ իրողություն: Առանձնապես հիմքից ու պատմականությունից զուրկ է թուրքական ավանդությունը, չէ թր XI—XII դդ. առաջ թուրք-սելջուկները այստեղ ամենևին գոյություն չունեին, իսկ Մուշը հայտնի է դեռևս Արշակունիների թագավորության շրջանից: Կարծիք է հայտնվել նաև այն մասին, որ իբր Մուշը կապված է Մուշեղ անձնանվան (նկատի ունենալով Տարոնի վեպի հերոս Մուշեղ Մամիկոնյանին) կամ ուղղակի հայերեն «մաշվել» բայի հետ, որոնք նույնպես գիտական առումով հետաքրքրություն չեն ներկայացնում: Հնագույն ժամանակների պատմությամբ զբաղվող մասնագետներից շատերը հակված են կարծելու, որ Մուշ տեղանունը ամենայն հավանականությամբ մեզ է հասել խեթական և ասուրական ժամանակներից: Նրանք գտնում են, որ այդ տեղանունը անմիջական կապի մեջ է գտնվում ասուրական Մուշկի երկրանվան և խեթական Մուշունի աշխարհագրական անվան հետ: Ոմանք նույնիսկ այն նույնացնում են ասորեստանյան մի այլ, ավելի հայտնի, տեղանվան՝ Մուսասիրի հետ, որն անընդունելի է: Մեզ թվում է, որ ամենից հավանականն այն ենթադրությունն է, ըստ որի Մուշ քաղաքի (և Մշո դաշտի ու գետի) անունը առաջացած պետք է լինի հնագույն ժամանակներում Հայաստանի սահմաններում բնակություն հաստատած ցեղերից մեկի՝ մուշկ, մոսոխ կամ մոսխերի անունից, որոնց հետ է կապված նաև Մեծ Հայքի «աշխարհներից» մեկի՝ Մոկքի և համանուն նախարարական տան անունները: Մուշն իր երկարաձիգ պատմության ընթացքում հիշատակ վում է իբրև տարբեր կարգի բնակավայր՝ երբեմն բերդ, երբեմն՝ ավան, գյուղաքաղաք, քաղաքագյուղ: Սակայն IX-X դարերից այն արդեն մեր մատենագիրների մոտ ամենուրեք հիշատակվում է իբրև քաղաք: Մուշն ականատես է եղել քաղաքական շատ դեպքերի, ազատագրական բուռն շարժումների, երբեմն լինելով ուղղակի նրանց կիզակետում: Ըստ մեզ հասած աղբյուրների, Մուշ քաղաքը Տարոն գավառի արևելյան մեծ մասի հետ միասին նախ պատկանում էր Սլկունիներին, ապա անցել է Մամիկոնյանների այն ճյուղին, որը կատարում էր սպարապետության պաշտոնը՝ աթոռանիստ ունենալով նույն գավառում գտնվող Ողական ամրոցը: Սակայն Մուշի պատմությունը սկսվում է խոր հնությունից: Այստեղ հայտնաբերված է ուրարտական Մենուա թագավորի (810—778 թթ. մ. թ. ա.) սեպագիր արձանագրությունը: Քաղաքի շրջակայքում նկատվում են կիկլոպյան ամրոցների հետքեր: VIII դ. վերջին քառորդում, արաբական խալիֆայության դեմ ուղղված ժողովրդական ապստամբությունից հետո, Մուշ քաղաքը Տարոն գավառի հետ միասին անցնում է Բագրատունիների ձեռքը, որոնք այստեղ հիմք են գնում մի իշխանության, որը հետագայում՝ XI դ. հավանաբար նորից էր անցել Մամիկոնյաններին և իր մեջ Տարոնից բացի ընդգրկում էր նաև Սասունի մեծ մասն ու Խութը: Հավանական է համարվում, որ Մուշը այդ ընդարձակ իշխանության կենտրոնն է եղել: Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ Մուշն առանձնապես կարևոր դեր է խաղացել 849—854 թթ. ժողովրդական ազատագրական պատերազմի ժամանակ: Հայաստանում բռնկված ապստամբությունն արյան մեջ խեղդելու համար արաբական մի ստվարաթիվ բանակ Յուսուֆ ոստիկանի հրամանատարությամբ, Հարավային Հայաստանն ավերելուց հետո, 851—852թթ. ձմռանը դադար է առնում Մուշում՝, որպեսզի վաղ գարնանը շարունակի իր ասպատակությունները: Արաբական ոստիկանը խաբեությամբ իր մոտ է կանչում Տարոնի տեր Բագարատ Բագրատունուն և փաստորեն կալանավորում նրան: Թվում է, թե ճակատագրից անհնար էր խուսափել, երկիրը պետք է ենթարկվեր Յուսուֆի նոր ավերումներին: Սակայն դեպքերն այլ ընթացք են ստանում: 852 թ. վաղ գարնանը Սասունի և Խութի ազատասեր ապստամբ բնակչությունը Դավթի ու Խութեցի Հովնանի գլխավորությամբ իջնում է դաշտ և հանկարծակի հարձակվելով արաբական բանակի վրա՝ ջախջախում է այն: Սպանվում է նաև Յուսուֆր և Հայաստանը մի պահ ազատ շունչ է քաշում մինչև Բուղայի ավելի արյունալի ասպատակությունները: Հայտնի է, որ սասունցիների ու խութեցիների այդ դյուցազնական կռիվը դարձել է «Սասնա ծռեր» հերոսավեպի կենտրոնական ճյուղի՝ «Սասունցի Դավթի» հիմնական սյուժեն: Թուրքական ծանր տիրապետության շրջանում (XVI—XIX դդ.) Մուշը ոչ մի հնարավորություն չուներ մեծ ու մարդաշատ քաղաք դառնալու: Նա այդ ժամանակներում մնացել էր այնպիսին, ինչպիսին էր Յակուտի ժամանակներում: Իսկ վերջինս Մուշի մասին հաղորդել է, որ «փոքր քաղաք է Խլաթի մարզերում, Հայաստանի հողի վրա»: Այդ մռայլ ժամանակներում Արևմտյան Հայաստանի քաղաքները, որոնց թվում և Մուշը, մի կերպ իրենց խղճուկ գոյությունը պահպանում էին XVI — XVII դդ. պատերազմների ժամանակ ռազմական մատակարարումների շնորհիվ: Մուշը Արևմտյան Հայաստանի կյանքում զգալի դեր է խաղացել նաև նոր ժամանակներում: Այստեղ, Զեյթունի հայտնի ապստամբության ազդեցության տակ, XIX դ. 60-ական թվականներին տեղի են ունեցել զինված ելույթներ: Հին և միջին դարերի Մուշի բնակչության թվի վերաբերյալ շատ թե քիչ արժանահավատ տեղեկություններ չեն պահպանվել: Միայն ենթադրվում է, որ X—XIII դարերում, երբ Հայաստանի քաղաքներն ապրում էին բուռն զարգացման շրջան, Մուշի բնակչության թիվը հավանաբար հասել է 20—25 հազար մարդու: XIX դ. սկզբներին Մուշը ունեցել է ընդամենը 800—1000 տուն: 1880—1914 թթ. քաղաքն ունեցել է մոտ 20000 բնակիչ, որից 11000-ը՝ թուրքեր ու քրդեր, իսկ 9000-ը՝ հայեր19: Տեղում աշխատանքի սակավության պատճառով իրենց օրվա հացը վաստակելու համար Մուշից պանդխտության են գնացել հազարավոր մարդիկ: Աղբյուրները հաղորդում են, որ Մուշի գավառից միայն 1877 թ. պանդխտության են գնացել 17000 մարդ: Նրանք գնում էին Կ. Պոլիս, Ռուսաստանի զանազան քաղաքներ, եվրոպական և ամերիկյան երկրներ: Մշեցիները զբաղվում էին արհեստագործությամբ, առևտրով, մասամբ երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ: Արհեստների մեջ առանձնապես կարևոր էին կոշկակարությունը, դերձակությունը, ոսկերչությունը, դարբնությունը, փականագործությունը, պայտարությունը, ներկարարությունը, կավագործությունը և այլն: Վերջինս հասել էր բարձր վարպետության և դրա արտադրած ամանեղենը, անոթները և տնային գործածության իրերը մեծ համբավ ունեին ամբողջ գավառում: Հայ արհեստավորների թիվը առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին հասնում էր ավելի քան 300 մարդու: Քաղաքի տնտեսական կյանքում արհեստագործությունից հետո իր նշանակությամբ երկրորդ տեղը գրավում էր առևտուրը: Մուշը տեղական ճանապարհներով կապված էր գավառի մի շարք գյուղերի հետ: XIX դ. երկրորդ կեսից առանձնապես կարևոր նշանակություն է՝ ստանում դեպի նահանգի կենտրոն՝ Բիթլիս ձգվող սայլուղին, որը խճապատված էր: Քաղաքի կենտրոնում գտնվում էր շուկան, որտեղ XIX դ. վերջերին հաշվվում էին մինչև 800 մանր ու մեծ զանազան կրպակներ: Դրանցից 500-ը գտնվում էր հայերի ձեռքին: Առևտրի ապրանքներից էին ծխախոտը, չոր մրգերը, գինին, մեղրը, գազպեն, արհեստավորական շինվածքները և այլն: Մուշը համանուն գավառի կենտրոնն էր, իսկ վերջինս մտնում էր Բիթլիսի նահանգի մեջ: Այստեղ էր նստում գավառի թուրքական կառավարիչը՝ մութասաիրը, որի տրամադրության տակ կար բավական մարդաշատ կայազոր: Նրա աթոռանիստը` սարայը, մի անճոռնի շինություն էր և գտնվում էր շուկայում: Մուշը միաժամանակ հայոց թեմակալի աթոռանիստն էր: Նոր շրջանում Մուշը բաժանված էր երկու քաղաքամասի` հայկական և թուրքական: Ուներ 12 մեծ ու փոքր թաղեր: Քաղաքն ուներ քարաշեն բաղնիք, երկու իջևանատուն: Կենտրոնում գտնվում էր շուկան իր հարյուրավոր կրպակներով ու խանութներով: Փողոցները ծուռումուռ էին, նեղ, կեղտոտ, տները զուրկ էին բակերից և ցանկապատից, դրանք ցեխաշեն էին, իրար վրա կուտակված: Տարածքի սղության պատճառով փողոցում կերակուր եփելը, լվացք անելը և, նույնիսկ, երեխաներին լողացնելը սովորական էր: Բուն քաղաքի շատ թե քիչ ուշադրության արժանի կառույցները սահմանափակվում էին եկեղեցիներով ու մզկիթներով: Տարբեր ժամանակներում այստեղ հիշատակվում են 7 եկեղեցիներ` ս. Կիրակոս, ս. Սարգիս, ս. Փրկիչ, ս. Ավետարանոց, ս. Ստեփանոս, ս. Մարինե, ս. Հարություն, որոնցից 5-ը կանգուն էին և գործում էին XIX դարում և ХХ-ի սկզբներին: Դրանցից քաղաքի մայր եկեղեցին համարվում էր ս. Մարինեն, որը միաժամանակ ամենաշքեղն էր, իսկ ամենահինը՝ ս. Փրկիչը, որ հիշատակվում է 851—852 թթ. դեպքերի առնչությամբ: Մուշն ուներ բավական բարձր մինարեներով երկու մզկիթ, որոնցից մեկը հնում եղել է եկեղեցի: Քաղաքն օղակված էր հնություններով ու պատմական կարևոր հուշարձաններով: Նրա արևմտյան մասում տեղադրված էր բերդը՝ միջնաբերդը, որը հիշատակվել է Զենոբ Գլակի, Թովմա Արծրունու, Ասողիկի մոտ: Այն քարաշեն էր, շրջափակված աշտարակավոր պարսպով: Մինչև XX դ. սկիզբը բերդը կանգուն էր և այդտեղ էր զետեղված թուրքական կայազորը: Բերդն իր շրջակայքով կազմում էր հատուկ թաղ՝ բերդի թաղը, որ թուրքերը կոչել են Ղուրթ Մահլլեսի («Գայլի թաղ»): Ավանդության համաձայն առաջին անգամ այստեղ բերդ է կառուցվել Գայլ Վահան Մամիկոնյանի ժամանակ: Մուշի մյուս հնություններից ուշադրության արժանի են նրա արևմտյան կողմում գտնվող Մուշեղյան բերդի («ձմեռանոց»), հարավային կողմում եղած՝ նույնանուն բերդի («ամառանոց»), արևելյան կողմում տեղադրված Աստղաբերդի և հարավում գտնվող Հողեբերդիկի ավերակները: Կիսաավանդական պատմության համաձայն, վերջինիս մոտ, Արնգուբ կոչված վայրում է նահատակվել Գայլ Վահանը: Մուշն ունեցել է հիշատակության արժանի մշակութային կյանք: XIX դ. վերջերին և ХХ-ի սկզբներին այստեղ գործում էին հայկական 7 դպրոց, որոնցից 5-ը թաղային եկեղեցիներին կից էին, իսկ մյուս երկուսից մեկը օրիորդաց դպրոցն էր, որ հիմնադրվել էր Հովսեփ Իզմիրյանցի կտակով 1884 թ., իսկ մյուսը` Միացյալ ընկերության վարժարանը, որը թաղային դպրոցների համեմատությամբ ավելի բարձր տիպի էր: Դպրոցներից բացի քաղաքում գործում էին նաև երկու որբանոց, որոնք պահվում էին պատիրարքարանի միջոցներով: Մուշը եղել է գրչության կենտրոններից: Այստեղ XIII—XV դարերում գրվել կամ ընդօրինակվել են մի շարք ձեռագրեր՝ ավետարաններ, Ճաշոց, Տոնական, Նոր կտակարան և այլն: Հայ մշակույթի պատմության մեջ առանձնապես նշվում է 1204 թվականին գրիչ Վարդան քահանա Կարնեցու ձեռքով գրված նկարազարդ Տոնականը, որը հայ գրչության ու մանրանկարչության առաջնակարգ գործերից է և նախկինում պահվում էր Մշո Առաքելոց (կամ ս. Ղազար) վանքում, իսկ այժմ գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Առիթից օգտվելով պիտի ասել, որ Մուշի մշակութային կյանքում Առաքելոց վանքը (որ ավելի հաճախ կոչվել է ուղղակի Մշո Առաքելոց վանք) խաղացել է կարևոր դեր: Մուշի մշակութային կյանքի համար էական նշանակություն է ունեցել նաև այստեղ Գ. Սրվանձտյանցի խմբագրությամբ 1863 — 1865թթ. լույս տեսած «Լրատար արծվիկ Տարօնոյ» լրագիրը: Բավական մեծ թիվ են կազմում Մուշում ծնված հայ հասարակական գործիչները, գիտության և արվեստի աշխարհի երախտավորները: Այստեղ է ծնվել նաև հայ երգարվեստի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը՝ Արմենակ Շահմուրադյանը (1878—1939), որին սովորաբար կոչել են «Տարոնի սոխակ»:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կազմակերպած հայկական ջարդերի հետևանքով հարյուրավոր գյուղերի և տասնյակ քաղաքների հետ միասին Մուշը նույնպես զրկվեց հայ բնակչությունից: Նրա հայ բնակչությունը զանգվածորեն զոհ գնաց թուրքական յաթաղանին, իսկ մի կերպ փրկվածները ապաստան գտան գլխավորապես Արևելյան Հայաստանում:
Nearby cities:
Դիրքացույցները․   38°45'7"N   41°30'23"E
This article was last modified 4 years ago