Բաղեշ

Turkey / Bitlis /
 քաղաք, capital city of state/province/region (en), district center (en)

Բաղեշ կամ Բիթլիս - քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում։ Համապատասխանում է Աղձնիք նահանգի Սալնոձոր գավառի գլխավոր բերդին, որը հսկել է Հայկական Տավրոսի ամենամատչելի բնական լեռնանցքը՝ Չորա պահակը։ Նրա դիրքը պատմական գրեթե բոլոր ժամանակաշրջաններում ռազմաստրատեգիական ու առևտրատնտեսական առումով հարմար է եղել և նպաստել է նրա ընդհանուր առաջադիմությանը: Հնագույն ժամանակներից ի վեր Բիթլիսով և համանուն գետի հովտով էր անցնում Տրապիզոնից և Հայաստանի կենտրոնական նահանգների խոշոր քաղաքներից՝ Արտաշատից, Դվինից, Անիից, Կարսից, Կարինից դեպի Միջագետք ձգվող կարևորագույն ճանապարհներից մեկը: Արտաշեսյանների ժամանակ այստեղով էր անցնում Արտաշատ — Տիգրանակերտ հայտնի մայրուղին` հայկական «արքայական ճանապարհը»: Բիթլիսը գտնվում է Վանա լճից մոտ 25 կմ հարավ- արևմուտք, Զորապահակ կոչված լեռնանցքից հարավ, Ավեխու (Համեղաջուր), Խոսրովու (Ամիդոլ) և այլ գետակների միախառնման տեղում, որտեղ իր սկիզբն էր առնում Բիթլիսի գետը՝ Տիգրիսի վտակներից մեկը: Քաղաքը փռված է ոչ միայն այդ գետակների գետաբերաններն ընդգրկող կենտրոնական ձորում, այլև դրա հարակից զառիվեր ձորակողերին, կազմելով մի հսկայական ամֆիթատրոն, որտեղ շենքերը լեռնալանջերին տեղադրված են շարքերով, աստիճանաձև՝ ամռան կեսին թաղվելով այգիների կանաչ ծովի մեջ: Եվ իզուր չէ, որ ճանապարհորդներն առանց բացառության հիացմունքով են խոսում Բիթլիսի դիրքի ու նրա համայնապատկերի գեղատեսիլության ու հմայիչ արտաքինի մասին: Նրա համայնապատկերը լրացնում են աջ ու ձախ մասերով աղմուկ աղաղակով հոսող գետակներն ու առվակները, հորդաբուխ սառն աղբյուրները: Քաղաքի բարձրությունը ծովի մակերևույթից շուրջ 1600 մ է, կլիման ցամաքային է` բավական շոգ ամառներով և զգալի ցուրտ ու տևական (մինչև 5 ամիս) ձմեռներով: Օդը մաքուր է ու առողջարար, ջրերն առատ ու քաղցրահամ: Քաղաքում և նրա շրջակայքում հաջողությամբ աճում են դեկորատիվ ծառատեսակներից ուռենին ու կաղամախին, մրգատու ծառերից ու մյուս կուլտուրաներից տանձենին, խնձորենին, սալորենին, ծիրանին, նռնենին, կեռասենին, թզենին, խաղողը, հատապտուղներ և այլն: Բիթլիսը այգեշատ քաղաք է: Այստեղ գրեթե բոլոր տներն ունեցել են իրենց այգիները և պարտեզները: Հնագույն քաղաք է Բիթլիսը: Տեղական ավանդազրույցը բերդի հիմնադրումը վերագրում է Ալեքսանդր Մակեդոնացուն։ Իբրև Ալեքսանդր Մակեդոնացիին, որ արշավել էր Հայաստան, գնահատելով այս լեռնանքի ռազմական դիրքը, իր Լիս զորալորին հրամայել է այստեղ կառուցել բերդ։ Ականատեսների ասելով, բուն քաղաքի կենտրոնական մասում բխող աղբյուրը մինչև նորագույն ժամանակները ավանդույթով կոչվել է Ալեքսանդրի անունով: Նորակերտ բերդն իբր այնքան անառիկ է եղել, որ Ալեքսանդրը վերադարձին այն չի կարողացել գրավել։ Իսկ երբ բերդի բանալիները կամովին հանձնել են Ալեքսանդրին՝ նա բերդըն անվանել է Չար Լիս կամ պարսկերեն թարգմանությամբ՝ Բեդ Լիս (որտեղից Բիթլիս)։ VIIդ.վերջից արաբակն նվաճողների կայազորները հաստատվել են Բիթլիսում՝ այն դարձնելով Աղձնիքի տիրակալ Ջուրարինների ամիրայական տոհմի նստավայրը։ Մերձակա վայրերի նկատմամբ իշխող դիրք ունենալու և առևտրական ճանապարհների հանգույցում գտնվելու շնորհիվ վաճառաշահ Բիթլիսը ապրել է վերելք։ Բիթլիսի մասին մեզ են հասել հայկական, արաբական, բյուզանդական, թուրքական բազմաթիվ հեղինակների բազում վկայություններ, որոնք թույլ են տալիս ուրվագծել նրա քաղաքական պատմության կարևոր պահերն ու դրվագները: Հայկական մատենագրության մեջ այն Բաղեշ անունով հիշատակում է Սեբեոսը (VII դ.): Պատմագիրներից ոմանք Բիթլիսը համարում են Աղձնիքի Սալնաձոր գավառի գլխավոր քաղաքը, իսկ մյուսները վերագրում են Տուրուբերան աշխարհքի Բզնունիք գավառին: Բիթլիսը բավական վաղ է ընկել օտարների տիրապետության տակ: VII դարում այստեղ հաստատվում են արաբական նվաճողները, X դարում կարճ ժամանակով՝ բյուզանդացիները, իսկ այդ նույն դարի վերջերից Բիթլիսը գտնվում էր Մրվանյան քուրդ տոհմի ձեռքում։ Բիթլիսի քրդական իշխանությունը, որ սովորաբար կոչվում էր խանություն կամ հյուքյումեթություն, առանձնապես հզոր է եղել XVI — XVIII դարերում, երբ այն կարողացել էր դիմագրավել թուրքերի բազմաթիվ հարձակումներին և նրանց հարկադրել ընդունել իր ներքին ինքնավարությունը` իբրև Վանի էալեթի քրդական ընդարձակ հյուքյումեթություն: Բիթլիսի այդ ցեղապետությունը թուրքական պետության կողմից վերացվել է 1849 թվականին, երբ սուլթանական զորքերը պարտության են մատնել քրդական խանությանը և գրավել ու ավերել նրա կենտրոն Բիթլիսը: Դրանից հետո նախկին խանության տարածքից կազմվում է Բիթլիսի վիլայեթը՝ համանուն կենտրոնով: Իսկ վիլայեթն արդեն սոսկ վարչատարածքային միավոր էր, ամբողջովին ենթակա կենտրոնական պետությանը և որևէ առանձնաշնորհում չուներ: Իսկ XI-XIXդդ. նրան տիրել են ռուզամներ կոչվող քրդերը։ Բիթլիսը եղել է ցեղապետների նստավայրը։ Միջնադարյան կռիվների, մշտատև բռնությունների, հարկահանությունների, ազգային ու կրոնական խտրականության հետևանքով հետզհետե նվազել է Բիթլիսի բնակչության, մասնավորաբար հայերի թիվը։ XIXդ. վերջին Բիթլիսի բնակչությունը կազմում էր 30000, մեկ երրորդը հայ։ Բիթլիսի նահանգը ընդարձակ երկրամաս էր: XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին նրա տարածքը հասնում էր ավելի քան 27 հազար քառակուսի կիլոմետրի: 1878—79թթ. նահանգի բնակչության թիվը հասնում էր մոտ 400 հազար մարդու, որից 250 հազարը կազմում էին հայերը, XIX դ. վերջերին նահանգի բնակչությունը 382 հազար էր, որից 180 հազարը հայեր: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նահանգի հայերը ևս ենթարկվեցին ցեղասպանության՝ նրանց մի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին, իսկ մյուս մասը տեղահանվեց-ցրվեց զանազան կողմեր: 1950 թ. տվյալներով Բիթլիսի նահանգի բնակչությունը չէր հասնում նույնիսկ 100 հազար մարդու: Բիթլիսը կենտրոն է նաև համանուն գավառի և գավառակ: Բաղեշ-Բիթլիսի բնակչությունը ամենայն հավանականությամբ միջին դարերում ավելի բազմամարդ է եղել: Սակայն նրա բնակչության վերաբերյալ արժանահավատ տվյալներ չկան: Քուրդ իշխողներն ու սուլթանական տիրակալներր վիճակագրության հետ այնքան էլ «գլուխ» չունեին և համընդհանուր մարդահամարներ չեն անցկացրել: Լինչի ասելով, Բիթլիս քաղաքը XIX դ. սկզբներին ունեցել է շուրջ 30 հազար բնակիչ, որից մոտ 10 հազարը հայեր: 1914 թվին հայերի քանակը իջնում է 7000 մարդու, իսկ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքն իսպառ զրկվում է հայերից: Իր հարմար դիրքի շնորհիվ Բաղեշ-Բիթլիսը դարեր շարունակ մեծ նշանակություն էր ձեռք բերել որպես առևտրի կենտրոն: XX դարի սկզբներին քաղաքն ուներ երեք շուկա, մոտ 1200 խանութ ու կրպակ և մի շարք իջևանատներ: Տեղական ապրանքներով առևտուր էին կատարում հասարակության տարբեր խավերը, բայց այն հիմնականում գտնվում էր հայերի ձեռքին: Նրա շուկաներում ու խանութներում վաճառվում էին գյուղատնտեսական մթերքներ՝ հացահատիկ, մրգեր, կաթնամթերքներ, միս, ինչպես նաև անասուններ, արհեստավորական զանազան արտադրանքներ գործվածքներ, գործիքներ, տնային գործածության իրեր և այլն: Առանձնապես մեծ համբավ ուներ տեղական «շիլա» կոչված կարմիր կտորը, որը զգալի չափով արտահանվում էր նաև տարբեր տեղեր: Ըստ երևույթին Բիթլիսի առևտրական դերն ավելի մեծ է եղել միջին դարերում: Թովմա Արծրունին (IX դար) այն ուղղակի կոչում է «շահաստան Բաղեշ»: Արհեստներով նույնպես հիմնականում զբաղվում էին հայերը: Քաղաքի զարգացած արհեստներից էին կաշեգործությունը, մանածագործությունն ու ջուլհակությունը, դերձակությունը, ներկարարությունը, դարբնությունն ու զինագործությունը: Իրենց նշանակությամբ քաղաքային զբաղմունքներից` առևտրից ու արհեստագործությունից, հետ չէին մնում գյուղատնտեսական զբաղմունքները: Բիթլիսը շատ հայտնի էր իր ընտիր մրգերով ու խաղողով: Քաղաքում տուն չկար, որ չունենար իր այգին կամ բանջարանոցը: Բիթլիսը ընդհանուր առմամբ պահպանել է իր միջնադարյան կառուցվածքը: Կենտրոնական ձորում վեր ցցված ժայռաբլրի վրա գտնվում են նրա հին բերդի ավերակները, որի շուրջը տարածվում են բնակելի թաղամասերը, իսկ ավելի հեռու՝ ձորերում ձգվում են արվարձանները: Սեպուհ կոչված լեռան վրա գտնվող նրա միջնադարյան բերդը պատած է եղել աշտարակավոր ամրակուռ պաշտպանական պարսպով: Բերդ կարելի էր մտնել լեռան զառիթափ լանջերով ձգվող նեղ ճանապարհով` մի քանի շարժական կամուրջներ անցնելուց հետո: Բերդը խանի աթոռանիստն էր: Այստեղ էին գտնվում նրա ապարանքը և խանական վերնախավի տները: Բերդի միակ դուռը գտնվում էր հարավային կողմում և երկաթակուռ էր: Բուն քաղաքն իր բնակելի թաղամասերով, շուկայով, եկեղեցիներով ու մզկիթներով, քարավանատներով ու ապարանքներով փռված էր կենտրոնական ձորի փոքրիկ հարթավայրում և նրա շրջակայքի ձորալանջերին, այնտեղ, որտեղ իրար են միանում Բիթլիսի գետը կազմող Ավեխի և Խոսրովի գետակները: Բուն քաղաքը երբեք պարսպապատ չի եղել: Դրա կարիքը չի էլ զգացվել, քաղաքը բոլոր կողմերից պաշտպանված է զառիթափ լեռնալանջերով և բավական էր ամրացնել շրջակայքի հետ կապող կիրճերը (դրանք թվով 6 էին և յուրաքանչյուրն ուներ իր դուռը), որպեսզի թշնամու համար Բիթլիսը դառնար դժվարամատույց: Բիթլիսն, ըստ երևույթին, հատուկ հատակագծման ընդհանրապես չի ենթարկվել: Սակայն բնական յուրահատուկ պայմանների շնորհիվ նրա կառուցապատումը կատարվել է որոշակի պլանով: Քաղաքի բնակելի զանգվածները, թաղերն ու առանձին շենքերը տեղադրված են ձորերի կողերին շարքերով, և կազմում են մի մեծ ամֆիթատրոն, որում յուրաքանչյուր ցածր շարքի տների հարթ կտուրները հաջորդ բարձր շարքի համար ծառայում էին իբրև բակ: Այդ, ինչպես և թաղերի ու տների միջև եղած այգիներն ու պարտեզները, Բիթլիսը դարձնում էին ակնահաճո քաղաք: Առանձնապես գեղեցիկ է ձորի հյուսիսային լանջերի տեսքը: Տների մեծագույն մասը քարակերտ է, իսկ շինարարական քարով Բիթլիսը հարուստ է. մեծ քանակությամբ քար են արդյունահանում նրա շրջակայքի քարահանքերից: Բիթլիսում կային մի շարք հասարակական և մի քանի հարյուր տնային բաղնիքներ, որոնց կեղտաջրերը տեղական կոյուղով թափվում էին գետակների մեջ: XX դարի սկզբներին Բիթլիսում կային և գործում էին չորս մենաստաններ (վանքեր), որոնք կարևոր դեր են խաղացել հայ դպրության պատմության մեջ: Դրանցից ամենահայտնին Ամրդոլու ս. Հովհաննես վանքն էր իր Կարմրակ ս. Նշան գմբեթավոր եկեղեցով: Ամրդոլու վանքը առանձնապես մեծ դեր է խաղացել XVI—XVIII դարերում, երբ նա դարձել էր հայկական մշակույթի կարևոր կենտրոն, հայ դպրության նշանակալի հանգրվան: Այս վանքի հետ է կապված մի շարք վարդապետ-գիտնականների (Վարդան Բաղիշեցի, Հովհաննես Կոլոտ, Գրիգոր Արճիշեցի և ուրիշներ) ուսումնառությունը կամ գործունեությունը: Քաղաքի շրջակայքում էին գտնվում մյուս երեք վանքերը՝ Գոմանց ս. Աստվածածինը, Ավեխու ս. Աստվածածինը և Խնդրակատար ս. Աստվածածինը իրենց հոյակերտ գմբեթավոր եկեղեցիներով: Դրանք ևս զգալի հետք են թողել հայ գրչության ու դպրության պատմության մեջ: Բիթլիսի մզկիթների թիվը XIX դարի վերջերին հասնում էր 15-ի: Իրենց հնությամբ, մեծությամբ ու կառուցվածքով դրանցից համեմատաբար նշանավոր էին չորսը, որուցրց երկուսը՝ Կզըլ և Շեյխ ջամիները հնում հայկական եկեղեցիներ են եղել և մզկիթների էին վերածվել քուրդ տիրապետողների ժամանակներում: Գրեթե բոլոր մզկիթներն ունեին իրենց մինարեները: Բիթլիսում, գետակների վրա, տարբեր ժամանակներում կառուցել էին մեծ ու փոքր տասնյակ կամուրջներ, որոնք իրար հետ էին կապում ձորալանջերի թաղամասերը: Քաղաքի հայությունը ուներ իր դպրոցները: XIX դարի երկրորդ կեսում և XX դարի սկզբներին քաղաքում գործում էին հայկական չորս արական ու երեք օրիորդաց դպրոցներ: Դպրոցներ ունեին նաև բողոքական հայերը: Դրանք հիմնականում ցածր կարգի էին: Քաղաքի մշակութային կյանքում առանձնապես խոշոր դեր էր խաղում Ամրդոլու վանքը, որտեղ, ինչպես ասվեց, կրթվել ու գործել են հայ դպրության հայտնի շատ դեմքեր: Բիթլիսում են ծնվել XVIII դարի ժամանակագիր Դավիթ Բաղիշեցին, ականավոր դերասանուհի Զաբելը (Մարիամ, 1858—1926): Բիթլիսը Վիլյամ Սարոյանի ծնողների և պապերի հայրենական քաղաքն է: Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդած ավելի քան 60 տարվա ընթացքում Բիթլիսն առանձնապես առաջադիմություն չի ունեցել: Ներկայումս նույնանուն նահանգի կենտրոն Բիթլիսը գավառական տիպի քաղաք է (1965-ին ուներ մոտ 18,5 հազար բնակիչ): Նրա արդյունաբերությունը սահմանափակվում է խախոտի և կաշվի վերամշակման մի քանի ձեռնարկություններով, որոնց արտադրանքի զգալի մասը առաքվում է տարբեր տեղեր: XXդ. սկզբին հայերն ունեին 5 արական և 3 օրիորդաց դպրոց։ Երիտթուրքերի կառավարությունը 1915–ին Բիթլիսի հայությունը ևս բնաջնջման և աքսորի ենթարկվեց։ Այժմ Բիթլիսը Թուրքիայի ծխախոտի ու կաշվի արտադրության կենտրոն է։
Nearby cities:
Դիրքացույցները․   38°24'51"N   42°6'56"E

Comments

  • իմ պապի`Արմենակ Կարապետյանի ծննդավայրը
This article was last modified 4 years ago