Արդիանք (Իգդիր)

Turkey / Igdir /
 քաղաք, capital city of state/province/region (en), draw only border (en), district center (en)

Իգդիր գյուղաքաղաքը, որ հիշատակվում է նաև իբրև սովորական ավան և գյուղ, ամենայն հավանականությամբ համապատասխանում է միջին դարերի Ցոլակերտին: Սկզբնաղբյուրներում կոչված է նաև Արդյանք, Իգդիր: Գտնվում է Մասիսից հյուսիսարևմուտք, Արարատյան դաշտի հարավային մասում, Արաքսի աջ կողմում, Երևանից մոտ 40 կմ հարավարևմուտք: Տեղանքը հարթավայրային է: Գյուղաքաղաքը շրջապատված է այգիներով ու բարդու պուրակներով: Կլիման շոգ է, չոր ու վատառողջ, շրջակայքում ճահիճները գրավում են բավական ընդարձակ տարածություն, որոնք ապականում են օդը: Իգդիր անունով գյուղեր կային նաև Կարսի մարզում, Իրանում (Արդաբիլի մոտ) և այլ տեղերում: Հնում Իգդիրն իր շրջակայքով Կողքի հետ կազմում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Ճակատք գավառը: Նոր ժամանակներում հիմնականում այդ նույն գավառի տարածքից էր կազմված Երևանի նահանգի Սուրմալուի գավառը, որի վարչական կենտրոնը Իգդիրն էր: Իգդիրի մասին սկզբնաղբյուրները համեմատաբար քիչ տեղեկություններ են հաղորդում: XIV—XV դարերից Իգդիրի շրջակայքում բնակություն էին հաստատել բավական թվով թուրքեր ու քրդեր, որոնք հաճախակի հարձակումներ էին կատարում հայաբնակ այդ գյուղաքաղաքի վրա` ավերելով և կողոպտելով այն: Այնպես որ նրա հայ բնակչությունը դարեր շարունակ ինքնապաշտպանական կռիվներ էր մղում ավարառու հարևանների դեմ: Իբրև գավառի կենտրոն Իգդիրն ունեցել է իր ամրոցը, որի մասին բավական տեղեկություններ է հաղորդում եվրոպական ճանապարհորդ Ռ. Գ. Կլավիխոն: Նա 1403 թվականին եղել է Իգդիրի ամրոցում և հաղորդում է, որ այդ ժամանակ ամրոցի տերը կին էր: Հայաստանի 1555 թվականի բաժանմամբ Իգդիրը անցել էր Պարսկաստանին և մինչև 1828 թվականը մնացել էր նրա կազմում: Թուրքմենչայի պայմանագրով անցել էր Ռուսաստանին և այդ ժամանակներում դեռևս սովորական գյուղ էր: Իգդիրը թուրքերի կողմից զավթվել է հայ-թուրքական պատերազմի ժամանակ: 1920 թվականի աշնանը Կարաբեքիր Փաշայի զորքերը գրավեցին այն և 1921 թ. Կարսի պայմանագրով Սուրմալուի գավառի հետ միասին, որը երբեք թուրքերին չէր պատկանել, Իգդիրն անցավ թուրքական տիրապետության տակ: Ներկայումս այն թուրքաբնակ փոքրիկ գյուղաքաղաք է: Ժամանակակից ընդհանուր մարդահամարների բացակայության հետևանքով, Թուրքիայի և Արևմտյան Հայաստանի մյուս տասնյակ քաղաքների նման Իգդիրի բնակչության ստույգ թիվը նույնպես հայտնի չէ: XIX դարի և ХХ-ի սկզբի Իգդիրի բնակչության քանակի վերաբերյալ աղբյուրներում հաղորդվում են հակասական թվեր, որոնց հիման վրա կարելի է ասել հետևյալը: 1831 — 32 թթ. Իգդիրն ունեցել է շուրջ 133 ընտանիք 624 հայ բնակիչներով, որոնց մեծ մասը (100 ընտանիք) ըստ Թուրքմենչայի պայմանագրի այստեղ էին գաղթել Խոյից, Սալմաստից, ինչպես և մի փոքր ուշ՝ Բայազետից: XIX դարի 80–ական թվականների տվյալների համաձայն նրա ընտանիքների թիվը հասնում էր 500-ի, 1906 թ. ուներ ավելի քան 3600 բնակիչ` մեծ մասամբ հայեր, իսկ 1914 թվականին շուրջ 10 հազար բնակիչ, որոնց ավելի քան 75 %-ը դարձյալ կազմում էին հայերը, իսկ մնացածը՝ թուրքեր, հույներ և այլք: Բնակչության զբաղմունքների մեջ առաջնակարգ տեղ էին գրավում գյուղատնտեսական ճյուղերը` երկրագործությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը, բամբակագործությունը, որոնց համար Իգդիրն ունի բարենպաստ պայմաններ՝ տաք կլիմա, արգավանդ հողերով հարթավայրեր, ոռոգելու ջրի պաշարներ: Սակայն գյուղաքաղաքի բնակչության զգալի մասը զբաղվում էր նաև զանազան արհեստներով ու առևտրով: Իգդիրի համար վաղուց ի վեր կարևոր նշանակություն ուներ Վանից ու Բայազետից Արարատյան դաշտ տանող ճանապարհը, որը անցնում է Հայկական պար լեռնաշղթայի Օրգովի հովիտ կոչված լեռնանցքով և Իգդիրով դիմում դեպի Արաքսի վրայի Մարգարայի կամուրջը: Իգդիրում XIX դարի վերջերին և ХХ-ի սկզբներին գործում էին հայկական երկու վարժարան, մեկը` տղաների, իսկ մյուսն` օրիորդաց: Այստեղ են իրենց նախնական կրթությունն ստացել հետագայում նշանավոր դարձած մի շարք գործիչներ: Իգդիրում են ծնվել հայ ականավոր ակնաբույժ Հայկ Կանայանը (1875—1952), ՀՍՍՀ վաստակավոր բժիշկ, աչքի հիվանդությունների ամբիոնի հիմնադիրը, հայ հեղափոխական, ռազմական գործիչ հայկական դիվիզիայի հրամանատար Հակոբ Աթոյանը (1894 — 1937), ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ Հակոբ Ազատյանը (1902 —1963) և ուրիշներ: Իգդիրն ասիական տիպի գյուղաքաղաք է: Նրա փողոցները նեղլիկ են, ծուռումուռ, փոշոտ: Միասնական հատակագծի չի ենթարկված, բայց տներն իրենց բակերում ունեն բանջարանոցներ ու պարտեզներ և իրարից գտնվում են որոշակի հեռավորության վրա: Ճարտարապետական առումով ուշադրության արժանի կոթողներ չունի: Ուներ տարբեր ժամանակներում կառուցված հայկական երեք եկեղեցի: Մինչև XX դարի սկզբները տակավին պահպանվում էին Իգդիրի միջնադարյան բերդի ավերակները, որոնք այժմ հազիվ են նշմարվում:
Nearby cities:
Դիրքացույցները․   39°54'37"N   44°2'38"E