Տեւրիկ
Turkey /
Sivas /
Divrigi /
World
/ Turkey
/ Sivas
/ Divrigi
/ Թուրքիա /
քաղաք
Add category
![](https://wikimapia.org/img/wm-team-userpic.png)
Փոքր Հայքի այս քաղաքը հին հռոմեական քարտեզներում նշանակված է Տևկիլա (Տևկիրայի փոխարեն) ձևով, արաբները կոչել են Աբրիգ, բյուզանդացիները՝ Տեֆրիկա, թուրքերը՝ Դիվրիգ: Այն գրականության մեջ հայտնի է նաև անվան մի շարք ուրիշ տարբերակներով` Տիվրիկ, Տևրիկա և այլն: Ենթադրվում է, որ անունը կարող է առաջացած լինել հայերեն «տափարակ» կամ «տավրիկ» (փոքր Տավրոս) բառերից: Երբեմն հիմնադրի՝ Կարբեասի անունով կոչվել է Կարբեասի քաղաք: Հիշատակվում է իբրև ճանապարհային կայան, գյուղաքաղաք, բերդաքաղաք և քաղաք: Գտնվում էր Զիմարայից Մալաթիա տանող ճանապարհին, պատմական Փոքր Հայքում, նրա և Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի սահմանագլխին, Եփրատի աջակողմյան վտակ Տևրիկ (Մելաս, Չալթ-սու) գետի ստորին հոսանքում, Սեբաստիայի և Կարինի միջև, Ակն քաղաքից մոտ 50 կմ հյուսիս-արևմուտք: Քաղաքը փռված է հարթ ձորահովտում, որը շրջապատված է արևելքից արևմուտք ձգվող երկու շարք լեռներով: Նրա բերդը գտնվում էր բարձրավանդակի վրա, մեր ժամանակների Ուրումիա քարավանատան տեղում: Տևրիկի 10 — 12 կմ երկարություն ունեցող հովիտը ամբողջովին ծածկված էր այգեստաններով և պարտեզներով: Ուներ ընտիր խաղող և գինի: Շրջակայքում կան երկաթի (այդ թվում և մագնիսական երկաթի) հանքավայրեր: Պարտեզներով ու այգիներով շրջապատված լինելու պատաճաոով կոչվել է նաև Կանաչ Տևրիկ:Հնում մտնում էր Փոքր Հայքի Առաջին Հայքի, իսկ Հուստինիանոս կայսեր վարչական վերափոխությունից հետո (VI դ)` Երկրորդ Հայքի մեջ: Նոր ժամանակներում Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառի Տևրիկի գավառակի կենտրոնն է:Հիմնադրվել է 855 թվականին՝ պավլիկյան շարժման հայտնի առաջնորդ Կարբեասի կողմից: Հնում ունեցել է մոտ 1200 տուն, որի կեսից ավելին հայկական: Պավլիկյանների հայտնի զորակայանն էր, այդ հուժկու շարժման հիմնական կենտրոնը, որտեղ զետեղված էին Բյուզանդական կայսրության և տեղական ֆեոդալների դեմ կռվող պավլիկյանների տասնյակ հազարների հասնող զինված ջոկատները: Բյուզանդական Բարսեղ կայսրը 873 թ. գրավել և քարուքանդ է արել պավլիկյան շարժման այդ հզոր կենտրոնը: XI դարի վերջերին Տևրիկին տիրել են սելջուկները, 1242թ.՝ թաթար-մոնղոլները, իսկ XVI դարի սկզբին՝ օսմանյան թուրքերը:Տևրիկը XIX դ. սկզբին ուներ 2000 տուն, որից միայն 100-ն էր հայկական, նախկինում ունեցած 2000 տան (մոտ 20 հազարը բնակչությամբ) փոխարեն25: XIX դ. վերջերին նրա բնակչությունը հասնում էր 10 հազար մարդու, իսկ 1915-ին՝ մեծ եղեռնից առաջ, 12 հազարի, որից 4000-ը հայեր: Բնակչությունը զբաղվում էր արհեստներով, առևտրով, այգեգործությամբ և երկրագործությամբ: Ուներ 2 — 3 շուկա, տասնյակներով վաճառանոցներ ու արհեստանոցներ:Տևրիկի հայ բնակչությունը նույնպես ենթարկվել է թուրքական ցեղասպանների արհավիրքներին: Նրա մի մասը բնաջնջվել է, իսկ մյուս մասը տեղահանվել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: 1955 թվականի տվյալներով այդտեղ բնակվում էր 5 հայ ընտանիք: Իսկ 1951թ. նրա ամբողջ բնակչության քանակը հասնում էր ընդամենը 6000 մարդու:Ինչպես ասվեց, քաղաքն ունեցել է իր միջնաբերդը, որ գտնվում էր սարավանդի վրա: XX դարի սկզբներին դեռևս պահպանվում էին նրա մնացորդները՝ պաշտպանական պարսպի ու բուրգերի հետքերը, առանձին կառուցվածքների ավերակներ: Նոր ժամանակների տևրիկցիները հին քաղաքի միջնաբերդի այդ ավերակները կոչում էին Բերդաթաղ: Տևրիկն ուներ հայկական 3 եկեղեցի՝ ս. Աստվածածին, ս. Երրորդություն և ս. Առաքյալ: Դրանցից առաջինը կառուցվել էր 1259 թվականին, իսկ երկրորդը՝ 1268-ին: Երկուսն էլ կենտրոնագմբեթի շենքեր էին և կառուցված էին այդ ժամանակների Մեծ Հայքի եկեղեցիների ոճով: Նրա եկեղեցիներից մեկը պատկանում էր բողոքական հայերին: Տևրիկում գործում էին հայկական երկու վարժարան, որոնցից մեկը, ավելի մեծը, կոչվում էր Ներսիսյան կամ Ազգային վարժարան և XIX դարի 70-ական թվականներին ուներ երկսեռ 500 աշակերտ ու 14 ուսուցիչ, իսկ մյուսն անհամեմատ փոքր էր և պատկանում էր բողոքական հայերին: Այստեղից գաղթած հայերը Կ. Պոլսում հիմնել էին Ուսումնասիրաց ընկերություն, որն իր օգնությունն էր ցույց տալիս հայրենի քաղաքի վարժարաններին:Մոտակայքում էր գտնվում Աբարա ամրոցը՝ պավլիկյանների հայտնի հենակետը մինչև Տևրիկի հիմնադրումը: Քաղաքում հայտնաբերվել են խեթական արձանագրություններ:
Nearby cities:
Դիրքացույցները․ 39°24'5"N 38°3'2"E
- Մալաթիա 99 կմ
- Սեբաստիա 113 կմ
- Խարբերդ 119 կմ
- Թոխատ / Եվդոկիա 173 կմ
- Մարաշ 232 կմ
- Եդեսիա 247 կմ
- Կեսարիա 250 կմ
- Այնթափ 262 կմ
- Ադանա 363 կմ
- Հեթումաշեն 419 կմ
- Տևրիկի երկաթահանքեր 3.2 կմ
- Տևրիկ ամրոց 7.3 կմ
- Համո 25 կմ
- Այտուղան լեռ 32 կմ
- Երզնկա (նահանգ) 124 կմ