Սեբաստիա
Turkey /
Sivas /
World
/ Turkey
/ Sivas
/ Sivas
/ Թուրքիա /
քաղաք
Add category
Իր մարդաշատությամբ և խաղացած դերով Սեբաստիան Մալաթիայից ավելի հայտնի է: Այն գտնվում է Կզըլ-իրմաք (հնում Ալյուս, Ալիս կամ Հալիս) գետի վերին հոսանքի աջ կողմում, ընդարձակ դաշտում, Մայրագոմ կոչված լեռակ փեշերին: Այժմյան Սեբաստիան Միհրդատի ժամանակվա քաղաքից (I դ. մ. թ. ա.) գտնվում է 8 կմ դեպի արևելք, Ալյուս գետից 2 կմ հեռավորությամբ: Քաղաքի բարձրությունը ծովի մակերևույթից 1348 մ է, դիրքը գեղեցիկ է, կլիման ցամաքային` խիստ ցուրտ ձմեռներով և շոգ ամառներով: Այստեղ անպակաս էին տենդն ու թոքախտը: Ջրառատ քաղաք է Սեբաստիան, նրա մոտով է հոսում Ալյուս գետը և նրան ուղղակի կից է Սեբաստիայի լիճը: Հողերը բերրի են, հին ժամանակներից ի վեր համարվել են հացի շտեմարան, բայց անտառներ չունի և բուսականությամբ ընդհանրապես աղքատ է: Շրջակայքում կան հանքային ջրեր, մարմարի և գիպսի հանքավայրեր: Սեբաստիայի մասին տեղեկություններ են հաղորդում հունա-հռոմեական, հայկական, բյուզանդական, վրացական, արաբական, թուրքական տասնյակ պատմագիրներ, ժամանակագիրներ և գրիչներ: Սեբաստիան Փոքր Ասիայի հնագույն քաղաքներից է: Հնագույն ժամանակներում այն սովորական ամրոց է եղել և կոչվել է Կաբրիա: Այստեղ հռոմեացիները 64 թ. (մ. թ. ա.) մեծ հաղթանակ են տարել Միհրդատ Եվպատորի նկատմամբ և այդ ճակատամարտից հետո հռոմեական զորավար Պոմպեոսը ընդարձակելով քաղաքը այն կոչել էր Դիոսպոլիս (Տրիսուպոլիս): Իսկ հետագայում Պոնտոսի Պյուտոդորիս թագուհին ավելի է ընդարձակել ու բարեկարգել Պոմպեոսի անվանած Դիոսպոլիսը՝ այն ի պատիվ Օգոստոս («սրբազան») կայսեր կոչելով Սևաստ-Սեբաստիա: Հին շրջանում Սեբաստիան կոչվել է նաև Մեգապոլիս (=«մեծ քաղաք»), իսկ XIII—XV դարերից թուրքական աղավաղմամբ դարձել է Սվազ, ինչպես նշանակված է ժամանակակից բոլոր քարտեզներում: Սեբաստիան հիմնադրվել է II դարում (մ. թ. ա.), բայց քաղաքի է վերածվել 60-ական թվականներին (մ. թ. ա.) և դրանից հետո մերթ առաջադիմել, մերթ էլ հետադիմել է, բայց միշտ հիշատակվում է իբրև քաղաք: Քաղաք հռչակվելուց հետո այն գրեթե միշտ եղել է տարբեր կարգի վարչական կենտրոն. IV— VI դարերում Սեբաստիան Փոքր Հայքի Առաջին Հայք պրովինցիայի կենտրոնն էր, իսկ VI դարից, Հուստինիանոս կայսեր վարչական վերափոխությունից հետո՝ Երկրորդ Հայքի, որն իր մեջ ընդգրկում էր նախկին Փոքր Հայքի հյուսիսարևմտյան գավառներն ու շրջակայքի տարածքները: XI դարի 20-ական թվականներից Սեբաստիան դարձել էր Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմի աթոռանիստը: Նույն դարի կեսերին մի քանի տարի Սեբաստիան համարվում էր նաև Հայոց կաթողիկոսի նստավայրը: Իսկ թուրքական տիրապետության շրջանում Սեբաստիա-Սվազը համանուն նահանգի, գավառի և գավառակի կենտրոնն է: Հռոմեական նվաճումների ժամանակներից ի վեր Սեբաստիան մշտապես այս կամ այն չափով առնչվել է Փոքր Ասիայում և Մեծ Հայքում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետ: Սակայն այն բուն իմաստով բերդաքաղաք չէր և ընդհուպ մինչև Լենկթեմուրի նվաճումները ավերածությունների համեմատաբար քիչ է ենթարկվել: Քաղաքի համար կարևոր նշանակություն են ունեցել հատկապես այնտեղ հաստատված Արծրունյաց իշխանության գոյության տասնամյակները: Պատմությունից հայտնի է, որ Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմը 1021 (կամ 1022) թվականին հարկադրված է եղել իր թագավորությունը 10 քաղաքներով, 4000 գյուղերով ու 72 բերդերով հանձնել Բյուզանդիային, իսկ ինքը իրեն շրջապատող ազնվականների, զորքի ու բազմահազար բնակիչների հետ միասին տեղափոխվել իբրև փոխհատուցում կայսրության հատկացրած տարածքները՝ Սեբաստիա, Լարիսա և Ծամընդավ քաղաքներն ու դրանց գավառները: Սեբաստիան դարձել էր կայսրությանը ենթակա այդ նորաստեղծ իշխանության կենտրոնը և բռնել բավական արագ զարգացման ուղի: Սակայն նրա առաջադիմությունը երկար չի տևում: 1060 թվականին նախ ավերվում, իսկ Մանազկերտի ճակատամարտից հետո (1071 թ.) գրավվում է սելջուկների կողմից: Այդ ժամանակներից ի վեր Սեբաստիան առանձին զարգացում չի ունենում, իսկ XV դարի հենց սկզբին՝ 1405 թվականին, սոսկալի ավերվում է Լենկթեմուրի հրոսակների կողմից: Պատմագիրների վկայության համաձայն արևելյան դաժան բռնապետի հրամանով քաղաքում ողջ-ողջ թաղել են 2000 (իսկ ըստ այլ աղբյուրների՝ 4000) հայ հեծյալների և պատանիների, իսկ մնացած բնակչության մեծ մասը ցաքուցրիվ է եղել զանազան կողմեր: XV դարի վերջերին Սեբաստիան ընկնում է օսմանյան թուրքերի տիրապետության տակ: Սեբաստիան իր համանուն գավառով հիմնականում հայաբնակ էր: Այն XVI դարում առանձնապես կարևոր դեր էր խաղում հայ ազատագրական շարժման մեջ: Այստեղ 1562 թվականին Միքայել կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունեցել ժողով, որի որոշման հիման վրա հատուկ պատվիրակություն է ուղարկվել Հռոմի պապի մոտ Հայաստանի քաղաքական ազատագրության համար: Հայաստանի մյուս բազմաթիվ քաղաքների նման հայտնի չէ նաև միջնադարյան Սեբաստիայի բնակչության թիվը: Ըստ բյուզանդական աղբյուրների, քաղաքն իր ծաղկման շրջանում ունեցել է մինչև 120 հազար բնակիչ: Ստույգ հայտնի չէ նաև նոր ժամանակներում ունեցած նրա բնակչության թիվը: Որոշ աղբյուրների համաձայն, այն 1860-ական թվականների վերջերին ունեցել է 16 հազար բնակիչ, որի ավելի քան 1/3-ը հայեր, 1800—1830-ական թվականներին՝ 35000—40000, որից 15000-ը հայեր, 1830—1850թթ.՝ 30000, որից 13000-ը հայեր, իսկ մեծ եղեռնի նախօրյակին մոտ 60000 բնակիչ, որի մոտավորապես կեսը կազմում էին հայերը23: Նրա հայ բնակչությունը թուրքերի կողմից առաջին անգամ զանգվածորեն ջարդվել է 1895-ին, երբ միայն սպանվածների թիվը հասել է 1500 հոգու: Քաղաքի հայ բնակչությունը ավելի ահռելի արհավիրքի է ենթարկվել 1915 թ. մեծ եղեռնի ժամանակ, թուրքական յաթաղանից մի կերպ փրկվածները տարագրվել են տարբեր երկրներ և Սեբաստիան փաստորեն հայաթափ է եղել 1915 — 1916 թվականների ընթացքում: Հին ժամանակներից Սեբաստիան գտնվում էր քարավանային բանուկ ճանապարհի վրա: Նա կապված էր Երզնկա, Ամասիա և Տրապիզոն քաղաքների հետ: XIX դարի երկրորդ կեսին առևտրի խոշոր կենտրոն էր, որն ուներ բազմաթիվ խանութներ ու կրպակներ: Նրա վաճառականությունը լայն կապեր ուներ Մերձավոր արևելքի քաղաքների և Սև ծովի հարավային առափնյա շրջանների հետ: Քաղաքում արհեստներից առանձնապես կարևոր նշանակություն ունեին ջուլհակությունը, մանածագործությունը (հայտնի էին կտավն ու աստառացու կտորեղենը), պղնձագործությունը, դարբնությունը, զինագործությունը, գորգագործությունը: Մեծ թվով քաղաքացիներ զբաղվում էին նաև գյուղատնտեսությամբ, հատկապես հացահատիկների մշակությամբ: Նոր ժամանակներում Սեբաստիան ուներ մշակութային աշխույժ կյանք: Այստեղ գործում էին հայկական մի ամբողջ շարք դպրոցներ՝ Մխիթարյան, Մինասյան, Սահակյան, Արամյան, Հռիփսիմյան, Լուսինյան և այլն, Սանասարյանի նշանավոր ուսումնարանը, երկսեռ վարժարանը: Քաղաքի նշանավոր վանքերն էին ս. Նշանը (XI դ.), ս. Հրեշտակապետը, ս. Վլասիոսը, Անապատը, Խունարկոտը, ս. Հակոբը, Քառասուն Մանկունք, որի տաճարն ուներ 40 գմբեթ, եկեղեցիներից էին՝ ս. Գևորգը, ս. Աստվածածինը, ս. Սարգիսը, ս. Մինասը, ս. Փրկիչը: Սեբաստիայում են ծնվել XVII դարի հայտնի բժիշկ և տաղասաց Բունիաթ (Ասար) Սեբաստացին, որի գրչին է պատկանում 140 գլխից բաղկացած մի բժշկարան, Մխիթար Սեբաստացի աբբահայրը (ծնված 1676թ.), Վենետիկի հայտնի միաբանության նշանավոր հիմնադիրը: Սեբաստիան միջնադարյան հայկական գրչության ամենանշանավոր կենտրոններից է: Այստեղ XII—XVII դարերում ընդօրինակվել են ավետարաններ, ժողովածուներ, Աստվածաշունչ, ճաշոցներ, հայսմավուրք, Տաթևացու «Գիրք հարցմանց» և այլն: Այստեղի հայտնի գրիչներից են՝ Գրիգոր քահանան (XIV դ.), Մելիքսեթը (XVII դ.) և ուրիշներ: Քաղաքի հնություններն ու պատմաճարտարապետական հուշարձանները շատ վատ են պահպանված: Անցյալում ունեցած երկու բերդերից մեկի ավերակները գտնվում են բլրի վրա, կառուցվել է թուրքական տիրապետության շրջանում, պարսպապատ է և բավական լավ է պահպանվել: Նրա պաշտպանական պարսպի վրա կան թուրքերեն վիմագիր արձանագրություններ: Երկրորդ բերդը, որ գտնվում է նույն բլրի ստորոտին, ավելի հին է՝ կառուցվել է XI դարում Սենեքերիմ թագավորի կողմից: Վերջինս նույնպես պարսպապատ է: Գեղեցիկ է մանավանդ դրա պաշտպանական պարսպի ճակատը, որը քանդակազարդ է ու բարձրարվեստ: Այդ բերդում էլ գտնվում էր Վասպուրականի տարագիր թագավոր Սենեքերիմի արքունիքն ու գերեզմանը: Քաղաքի մոտ են գտնվում Ալյուս գետի վրա նույն Սենեքերիմ թագավորի Շուշանիկ դստեր կառուցած 19 կամարանի կամրջի ավերակները: Քաղաքի հնությունների ու հուշարձանների մեջ լավ է պահպանվել նրա հյուսիսային կողմում գտնվող վիմափոր դամբարանների շարքը:
Nearby cities:
Դիրքացույցները․ 39°44'52"N 37°0'49"E
- Թոխատ / Եվդոկիա 83 կմ
- Տեւրիկ 87 կմ
- Մալաթիա 164 կմ
- Կեսարիա 181 կմ
- Խարբերդ 213 կմ
- Մարաշ 234 կմ
- Այնթափ 293 կմ
- Եդեսիա 316 կմ
- Ադանա 338 կմ
- Հեթումաշեն 385 կմ
- Սեբաստիո Սուրբ Նշան վանք 3.1 կմ
- Մայրագոմ լեռ 11 կմ