Կողբ

Turkey / Igdir / Karakoyunlu /
 town (en), district center (en)
 Upload a photo

Կողբ, քաղաք և շրջան ներկայիս Թուրքիայի Իգդիրի մարզում։ Բնակչությունը՝ 11,300 մարդ, լեռնային հանգստի գոտի աստմայով հիվանդների համար։ Շրջակայքում աճեցվում են ծիրանի և այլ պտղատու ու բանջարեղենային տեսակներ։ Կողբը (Կուլփ, Ղուլփ) ավան էր նախկին Երևանի նահանգի Սուրմալուի գավառում, Բարդող լեռան հյուսիսարևելյան ստորոտին, Արաքսի Վարդամարգ վտակի ափին։ Հնում եղել է Այրարատ նահանգի՝ Ճակատք գավառում։ Հին Կողբը բազմամարդ ավան էր, հայտնի իր աղահանքերով։ Հին և միջին դարերում Կողբի աղն արտահանվել է զանազան երկրներ։ Հին Կողբի տեղում տակավին երևում են երեք եկեղեցու ավերակներ։ 620-ական թվականներին Կողբը գրավել են բյուզանդացիները։ Հայոց կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցու (կառավարել է 630 - 664 թվականներին) խնդրանքով բյուգանդական կայսր Հերակլիոսը (կառավարել է 610 - 641 թվականներին) Կողբի հանքի արտադրանքի մեկ երրորդը զիջել է Էջմիածնի վանքին։ Կողբում է ծնվել Եզնիկ Կողբացին։ 9-11-րդ դարերում Կողբը Բագրատունիների արքունի տիրույթն էր։ Այնուհետև Կողբին տիրել են արաբները և թաթար-մոնղոլները։ Կողբը 1555 և 1639 թվականների թուրք-պարսկական պայմանագրերով անցել է Պարսկաստանին, 1828 թվականի փետրվարի 10-ի Թուրքմենչայի պայմանագրով՝ Ռուսաստանին։ Կողբն ուներ մոտ 400 տուն հայ բնակիչ, որոնց մեծ մասն աշխատում էր աղի հանքերում։ Զբաղվում էին նաև երկրագործությամբ։ Ավանը բաժանվում էր վերին և ներքին մասերի, որոնցից յուրաքանչյուրում կար մեկական եկեղեցի (Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն)։ Ուներ վարժարան։ Կողբի հայերը տեղահանվել են 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ և հիմնականում հաստատվել Երևանում, Արարատյան դաշտի շրջաններում։ Կարսի պայմանագրով 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Սուրմալուի գավառը, այդ թվում Կողբը, անցել է Թուրքիային։
Nearby cities:
Դիրքացույցները․   40°2'26"N   43°39'25"E
This article was last modified 4 years ago