Սմբատավան / Բաբերդ (Baberd)

Turkey / Bayburt /
 քաղաք, capital city of state/province/region (en)

Արևմտյան Հայաստանի Բաբերդ քաղաքը, նրա մյուս տասնյակ քաղաքների նման, մեզ հայտնի է անվան մի ամբողջ շարք տարբերակներով ու զանազան անուններով` Բայբերդ, Բայբուրդ, Բայբերտոն, Սմբատավան և այլն: Հիշատակվում է իբրև բերդավան, բերդաքաղաք, քաղաք: Հնում այն վարչականորեն մտնում էր Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Սպեր գավառի, իսկ նոր ժամանակներում՝ Էրզրումի նահանգի Էրզրումի գավառի մեջ:
Բաբերդը գտնվում է Ճորոխ գետի հովտում, Տրապիզոնից Կարին (Էրզրում) տանող ճանապարհին, ծովի մակերևույթից 1680 մ բարձրության վրա, Պոնտական լեռնահամակարգին պատկանող Կոփ լեռան ստորոտում: Քաղաքը երեք կողմերից՝ հյուսիսից, արևմուտքից և արևելքից պատած է ոչ բարձր լեռներով, բաց է միայն հարավային կողմից, որտեղով ճանապարհը գնում է դեպի Կարին: Բաբերդը երկու մասի է բաժանված Ճորոխ գետով: Շրջակայքում կան արծաթի չօգտագործվող պաշարներ, որոնց մասին հիշատակություն կա տակավին անտիկ հեղինակների մոտ, և պղնձահանքեր, որոնք նոր ժամանակներում շահագործման էին ենթարկվում մի ոմն թուրք փաշայի և մի հայ վաճառական–արդյունաբերողի կողմից: Ջրառատ է: Շրջակայքում բխում են նաև հանքային աղբյուրներ: Բաբերդի պատմությունը, մանավանդ վաղ ժամանակների անցած ուղին, քիչ է հայտնի և հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել: Սակայն հայտնի է, որ դեռևս III դարում (մ.թ.ա.) այն գոյություն ուներ և համարվում էր նշանավոր բերդաքաղաք: Հայոց պատմության մեջ առաջին անգամ հիշատակել է Մովսես Խորենացին՝ կապված I դարի (մ. թ.) քաղաքական դեպքերի հետ: Սպեր քաղաքի Սպերի գավառի հետ միասին Բաբերդը նույնպես կազմում էր Բագրատունիների սեփականությունը: Հայաստանի 387 թվականի բաժանմամբ Կարնո աշխարհի (Բարձր Հայք) կազմում Բաբերդը նույնպես անցել է Բյուգանդական կայսրության տիրապետության տակ: Բյուզանդական Հուստինիանոս I–ին կայսրը (527— 565) ավելի է ամրացրել Բաբերդը պաշտպանական նոր կառույցներով, ինչպես նաև կառուցել է նրա ավերակ վիճակում մեզ հասած նոր բերդը: Միջնադարյան Բաբերդի մասին կարևոր վկայություններ ունեն արաբական ճանապարհորդ և հեղինակ Յակուտը (1179 — 1229), վենետիկցի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն (XIII դ.), իտալացի ճանապարհորդ Հ. Բարբաբոն (XV դ.) և ուրիշներ: Յակուտը գրում է, որ Բաբերդը «մեծ անվան և գեղեցիկ քաղաք» է «Էրզրումի նահանգում, Հայաստանի հողի վրա»: Մարկո Պոլոն դեպի Չինաստան կատարած (1271թ.) իր ճանապարհորդության մասին գրած նոթերում նշում է Բաբերդի հարավարևմտյան կողմում գտնվող արծաթահանքերի մասին, իսկ Հ. Բարբաբոն վկայում է, որ այն 1474թ. ունեցել է 1500 ընտանիք: Ւբրև բերդաքաղաք և տարանցիկ ճանապարհի վրա գտնվող առևտրի կարևոր կենտրոն, Բաբերդը հաճախակի դարձել է արտաքին նվաճումների առարկա: 1071 թ. այն գրավել են սելջուկ թուրքերը, XIII — XIV դարերում՝ Ռումի սուլթանությունը, XIV—XV դարերում՝ Ջեզայիրլյան և թուրքմենական Ակկոյունլու ցեղերը, իսկ 1514-ին՝ տիրել են օսմանյան թուրքերը: Նոր ժամանակներում Բաբերդը թուրքական լծից երկու անգամ ազատագրվել է ռուսական զորքերի կողմից, մեկը 1828 թվականին, իսկ մյուսը՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1916 թվականին, սակայն Ադրիանապոլսի պայմանագրով՝ 1829 թվականին, ինչպես և 1918 թվականին այն նորից է անցել թուրքական տիրապետության տակ: Իտալացի ճանապարհորդ Հ. Բարբաբոնի վկայությունից կարելի է եզրակացնել, որ Բաբերդը XV դարի 40-ական թվականներին ունեցել է մինչև 10 հազար բնակիչ: Քաղաքի անցած և հետագա ժամանակների բնակչության թվի վերաբերյալ շատ թե քիչ արժանահավատ այլ տեղեկություններ չկան: Իսկ նոր ժամանակներին վերաբերող տվյալները հակասական են: Համեմատաբար արժանահավատ ու ընդունելի կարելի է համարել վիճակագրական այն թվերը, ըստ որոնց Բաբերդը 1870-ին ուներ 180 տուն հայ և 820 տուն թուրք բնակիչ, XIX դարի վերջերին նրա բնակչության թիվը հասնում էր 6000 մարդու, իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին՝ 30000 մարդու, որից 10000-ը՝ հայեր, իսկ մնացածը թուրքեր, հույներ, քրդեր և այլք: Մոտավորապես մինչև XIII — XIV դարերը Բաբերդը զուտ հայաբնակ քաղաք էր: Դրանից հետո այստեղ տարբեր ժամանակներում բնակություն են հաստատել օտար ազգությունների պատկանող հազարավոր բնակիչներ: 1829 թվականին, Ադրիանապոլսի պայմանագրի կնքումից հետո, Բաբերդ քաղաքից և նրա շրջակայքից 1000 հայ ընտանիք գաղթել ու բնակություն են հաստատել Հայկական մարզում և Ախալցխայի գավառում: Արևմտյան Հայաստանի մյուս մասերի հայության ճակատագրի նման ողբերգական եղավ նաև Բաբերդի հայ բնակչության ճակատագիրը: Թուրքերն այստեղ հայերին զանգվածային ջարդերի ենթարկեցին առաջին անգամ 1895 թվականի սեպտեմբերի 30-ին, կենդանի մնացածներին բռնությամբ մահմեդականացնելով: Համիդյան այդ կոտորածի ժամանակ հայ հոգևորականներին և ուսուցիչներին կոտորեցին մինչև վեր–ջին մարդը: Էլ ավելի ահավոր էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երիտթուրքերի կազմակերպած հայկական ջարդը՝ 1915 թվականի մեծ եղեռնը, որի հետևանքով միանգամայն հայաթափ եղավ նաև Բարերդ քաղաքը: Գտնվելով Կարին — Տրապիզոն առևտրական կարևոր ճանապարհի վրա՝ Բաբերդի տնտեսական կյանքը բավական առաջադիմել էր դեռևս վաղ ժամանակներում: Առևտրական կյանքը Բաբերդում աշխույժ բնույթ ուներ XIX դարի երկրորդ կեսում և ХХ-ի սկզբներին: Քաղաքում ամեն տարի մայիս կամ հունիս ամսին, կազմակերպվում էր երկու շաբաթ տևողությամբ տոնավաճառ, որտեղ տեղական ապրանքներից բացի վաճառվում էին նաև ներմուծովի բազմատեսակ արտադրանքներ գործվածքներ, ապակյա, բյուրեղապակյա, հախճապակյա, ճենապակյա զանազան անոթներ ու իրեր և այլ ապրանքներ: Քաղաքը XX դարի, սկզբներին ուներ մինչև 500 խանութ, կրպակ և արհեստանոց, 40 իջևանատուն, մի ընդարձակ շուկա, որի չորս կողմերում շարքերով դասավորված էին տասնյակ խանութներ ու կրպակներ8: Քաղաքի տնտեսական կյանքում առևտրին համահավասար կարևոր դեր էին խաղում արհեստները` ոսկերչությունը, երկաթագործությունը, մանածագործությունն ու ջուլհակությունը, գորգագործությունը և այլն: XX դարի սկզբներին այստեղ աստիճանաբար առաջացել են սննդի ու թեթև արդյունաբերության մի քանի ոչ խոշոր և տեխնիկապես համեմատաբար ցածր մակարդակ ունեցող ձեռնարկություններ` հացի փռեր, 1 կաշեգործական, օճառի, ներկի, մոմի գործարաններ: Քաղաքի բնակչության մի մասը զբաղվում էր երկրագործությամբ ու անասնապահությամբ: Ըստ որոշ աղբյուրների հաղորդած տեղեկությունների, այստեղ XX դարի սկզբներին գործում էին 3 ձիթհան և բազմաթիվ ջրաղացներ: Քաղաքի տները մեծ մասամբ միահարկ էին և անշուք: Դրանք կառուցված էին խառնիխուռն, առանց որոշակի հատակագծման: Նրա կառույցներից շատ թե քիչ աչքի ընկնողները եկեղեցիներն էին և մզկիթները: Վերջիններից նշանավոր էր բարձր ու շքեղ մինարեով Ուլու ջամին, որը նախկինում եղել է եկեղեցի: Բաբերդում հիշատակվում է չորս եկեղեցի՝ ս. Աստվածածին, ս. Հովհաննես, ս. Հրեշտակապետ և ս. Աստվածամայր: Դրանք կառուցված էին տարբեր ժամանակներում, բայց բոլորը XIX դարում և ХХ-ի սկզբներին կանգուն էին և գործում էին: Քաղաքի մոտ, մի գեղատեսիլ սարի վրա էր գտնվում Լուսավորչի վանքը, որը նոր ժամանակներում ավերված էր: Բաբերդն առաջին հերթին բերդաքաղաք էր. այն հայտնի էր իր բերդով, որը գտնվում էր հյուսիսային մասում՝ լեռներով պատած դժվարամատչելի վայրում, շրջապատված բոլոր կողմերից կրկնակի պարիսպներով: Նրա բերդը կանգուն է եղել մինչև XIX դ. առաջին կեսը և ավերվել է 1829 թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Դրանից բացի, քաղաքի շրջակայքում պահպանվել են նաև այլ ամրությունների մնացորդներ: Քաղաքի տարածքում, Ճորոխ գետի վրա կային 5 քարաշեն կամուրջներ, որոնցով իրար հետ կապված էին գետի աջ և ձախ մասերում փռված քաղաքի երկու հիմնական թաղամասերը: Բաբերդը միջնադարյան Հայաստանի գրչության նշանակալի կենտրոններից էր և եպիսկոպոսանիստ էր: Այստեղ XIII — XV և XVII դարերում գրված տարբեր բնույթի ու բովանդակության ձեռագրեր են հասել մինչև մեր օրերը: Քաղաքի մշակութային կյանքը նոր ժամանակներում սերտորեն կապված էր այստեղ գործող երկու դպրոցների հետ, որոնցից մեկը Մեսրոպյան արական դպրոցն էր 150 աշակերտով, իսկ մյուսը՝ Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը 50 աշակերտուհիներով: Հայկական մշակութային կյանքը միանգամից մարել է 1915 թ. մեծ եղեռնից հետո, երբ քաղաքը իսպառ հայաթափ է եղել:
Nearby cities:
Դիրքացույցները․   40°15'24"N   40°12'23"E
  •  70 կմ
  •  87 կմ
  •  98 կմ
  •  251 կմ
  •  255 կմ
  •  310 կմ
  •  317 կմ
  •  353 կմ
  •  360 կմ
  •  445 կմ
This article was last modified 4 years ago