Արշամաշատ

Turkey / Elazig / Kovancilar /
 ruined castle (en), պատմական, archaeological site (en), historic ruins (en)
 Upload a photo

Ծոփքի թագավորության այս մայրաքաղաքը հիշատակվում է նույն անվան մի շարք տարբերակներով. Մատթեոս Ուռհայեցին (XII դ.) կոչում է Աշմուշատ, արաբ պատմիչներր՝ Սումայսատ, այլ մատենագիրներ ու գրիչներ՝ Շամոշատ, Շամուշատ, Շիմշատ: Սկզբում եղել է բերդ, որի շուրջը հետագայում, հելլենիզմի շրջանում, փռվել է բուն քաղաքը: Աշխարհագրական դիրքը վերջնականապես չի ճշտված՝ ոմանք այն տեղագրում են Չորրորդ Հայքի Բալահովիտ, ոմանք էլ՝ Անձիտ կամ Հանձիտ գավառում, որոնք իրար սահմանակից էին: Եվ այդ պատճառով էլ աշխարհագրական քարտեզներից շատերի վրա այն չի նշանակված: Սակայն, օգտվելով մի քանի պատմագիրների, հատկապես՝ Մ. Ուռհայեցու մի վկայությունից Արշամաշատը տեղադրում են Հայկական Տավրոսի հյուսիսային ստորոտում, Բալու և Խարբերդ քաղաքների միջև, վերջինից ոչ հեռու, Ալելուա դաշտում: Կիպերտի քարտեզում (Բեռլին, 1910 թ.) Արշամաշատը նշանակվում է Ծովք լճից հյուսիսարևելք, Բալուից Խարբերդ տանող ճանապարհին, Արածանիի ձախ ափին, նրա աջակողմյան Փերի վտակի գետաբերանի մոտ: Թեպետ անունը հիշեցնում է Ծովքի (Գյոլջիկ) և Արածանիի միջև, Խարբերդի դաշտում նոր ժամանակներում եղած Շամուշի կոչված գյուղի անունը, սակայն դրանց լրիվ նույնացմանը խանգարում է այն, որ վերջինս գտնվում էր հարթավայրում, մինչդեռ Արշամաշատ-Շամուշատը ունեցել է լեռնային դիրք և եղել է հայտնի ամրոց: Շատ հավանական է Ն Ադոնցի այն ենթադրությունը, ըստ որի, քաղաքն ավերվելուց հետո, նրա բնակիչները բնակություն են հաստատել նոր տեղում և այդ նոր բնակավայրը նույնպես կոչել իրենց հայրենի քաղաքի անունով: Անընդունելի է ոմանց այն ենթադրությունը, թե Արշամաշատը գտնվում էր հռոմեական աղբյուրների հիշատակած Հռանդեա վայրի տեղում, որն այնքան նշանավոր էր դարձել այստեղ տեղի ունեցած 62 թ. (մ. թ.) ճակատամարտի և 63 թ. կայացած զինադադարի համաձայնագրի շնորհիվ: Անհավանական է նաև Արշամաշատը Տուրուբերան աշխարհի Արշամունիք գավառում տեղադրելը, Տուրուբերանի գավառներից ոչ մեկը Ծոփքի թագավորության մեջ չի մտել, հետևապես վերջինիս մայրաքաղաքն այնտեղ լինել չէր կարող: Արշամաշատը հիմնադրվել է մ. թ. ա. III դարի 40— 30–ական թվականներին Արշամ թագավորի կողմից և կոչվել նրա անունով: Հիշատակում են հայ և օտար բազմաթիվ պատմիչներ՝ Թ. Արծրունի, Մ. Ուռհայեցի, Սմբատ Գունդստաբլ, Պտղոմեոս, Տակիտոս, Պլինիուս, Պոլիբիոս, Իբն–Խորդաբե, Յակուտ և ուրիշներ: Առաջին անգամ հիշատակել է Պտղոմեոսը: Արշամաշատի մոտ է տեղի ունեցել (202թ. մ.թ.ա.) սելևկյան Անտիոքոս Մեծի ընդհարումը Ծոփքի Քսերքսես (Շավարշ) հայ թագավորի հետ, որի ամրոցն էր այն: II — I դդ. (մ. թ. ա.) Արշամաշատը առևտրի և արհեստագործության կարևոր կենտրոն էր, հելլենիստական մի ծաղկած քաղաք, որը գտնվում էր առևտրական ճանապարհի վրա և կապված էր հարևան ու հեռավոր շատ քաղաքների հետ: Հետագայում, Ծոփքի թագավորությունը Տիգրան Մեծի կողմից (95—55 թթ. մ. թ. ա.) Մեծ Հայքին միացնելուց հետո, Արշամաշատը կորցնում է իր նախկին արտակարգ նշանակությունը, դադարում է մայրաքաղաք լինելուց և աստիճանաբար վերածվում սովորական բերդաքաղաքի, որպիսին էր նաև Արշակունիների թագավորության շրջանում (I—V դդ.): Արշակունիների թագավորության անկման շրջանում Արշամաշատը նախ գրավում են բյուզանդացիները, ապա արաբները (VII դ.), սելջուկները (XI դ.): Անդ որում, Մատթեոս Ուռհայեցու մի վկայությունից հայտնի է դառնում, որ XI դարում այն ամուր բերդաքաղաք էր և նախ մտնում էր Փիլարտոս իշխանի, ապա նրան պարտության մատնած Մուշեղ Մամիկոնյանի թոռան՝ Թոռնիկ Մամիկոնյանի իշխանության մեջ, որի հիմնական տարածքը կազմված էր Սասունից և մասամբ Տարոնից, բայց ուղղակի կոչվում Էր Սասունի իշխանություն: «Յայսմ աւուրս գնայր Թոռնիկ սակաւ արամբք ել մտաներ իւր բերդն յԱշմուշատ քաղաք ի վերայ Արածանւոյ»,— հաղորդում է Մ. Ուռհայեցին: Արշամաշատն իբրև բերդաքաղաք հիշատակվում է մինչև XI—XII դարերը: Հավանաբար կործանվել է երկրաշարժից: Համենայն դեպս, Յակուտի ապրած ժամանակներում (XIII դ.) այն արդեն զգալի չափով ավերված էր, սովորական ավանից ոչինչով չէր տարբերվում և ուներ փոքրաթիվ բնակչություն: Որոշ հեղինակներ վկայում են, որ պատմական Արշամաշատի հնավայրում Բալուի շրջանի Խարաբա կոչված գյուղի մոտ (ըստ ամերիկյան աշխարհագետ Հունտինգտոնի՝ Խարաբա և Նաջարան գյուղերի միջև) մինչև մեր օրերը պահպանվել են յոթ եկեղեցու և երեք ամրոցի ավերակներ:
Nearby cities:
Դիրքացույցները․   38°37'10"N   39°46'6"E
This article was last modified 4 years ago